Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Նկարչի անձը

Նկարչի անձը

Գեղարվեստական գործունեությունը միշտ էլ համարվել է աշխարհի հոգևոր յուրացման բարձրագույն ձևերից մեկը: Դրա կարևորագույն տարբերակիչ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կրում է զգայական-պատկերավոր բնույթ. զգացմունքներն ու պատկերները կազմում են այն հիմնական նյութը, որոնցով աշխատում է նկարիչը: Այդ է պատճառը, որ «արվեստի հասցեատերը» համարվում է, առաջին հերթին, ոչ թե նկարչի միտքը, այլ նրա հույզերն ու զգացմունքները:

 

Գեղարվեստական գործունեությունը հիմնականում կրում է անգիտակցական բնույթ, ինչպես նաև առանձնանում է ազատության բարձրագույն աստիճանով. ըստ էության, նկարչի գործունեությունն իրենից երևակայական խաղ է ներկայացնում հույզերի, զգացմունքների, պատկերների, գույների, ներկերի հետ, խաղ, որի նպատակը մարդկանց հույզերի վրա առանձնահատուկ ազդեցություն թողնելն է :

 

XX դարում գեղարվեստական գործունեության բնույթի, ձևերի ու մեխանիզմների մասին ամենահետաքրքիր գաղափարներն առաջ քաշվեցին հենց հոգեբանության կողմից: Հոգեբանության շրջանակներում ամենաառանձնահատուկ գեղարվեստա-էսթետիկական կոնցեպցիաները առաջ է քաշել Զ. Ֆրեյդը: Ֆրեյդի հետաքրքրությունն ուղղված էր հատկապես նկարչի անձին, նրա զարգացմանը` սկսած մանկության տարիներից: Նրան նաև շատ հետաքրքրում էր նկարչի հոգեկան աշխարհի ու նրա ստեղծագործությունների միջև գոյություն ունեցող կապը: Ֆրեյդը հատուկ ուսումնասիրության ենթարկեց Իբսենի, Լեոնարդո դա Վինչիի, Դոստոևսկու ստեղծագործությունները` դրանով իսկ հիմք դնելով այսօր լայն տարածում գտած հոգեբանության և էսթետիկայի հատման կետում գտնվող ուղղության` արվեստի հոգեվերլուծության զարգացմանը: Ըստ Ֆրեյդի` նկարիչը բավականին ընդհանրություններ ունի նևրոտիկի հետ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը շեղվում են իրական, հաճախ անարդար ու դաժան աշխարհից` հօգուտ սեփական երևակայության ու երազանքների աշխարհի, որտեղ նրանք իրենց ամենակարող են զգում` ունակ բավարարելու իրենց բոլոր ցանկությունները, հատկապես` էրոտիկ: Եթե մարդկանց մեծամասնությունն ամաչում է իրենց որոշ ցանկություններից և թաքցնում դրանք, ապա նկարիչները դրանք ի ցույց են դնում` էսթետիկորեն ձևափոխված տեսքով: Ըստ Ֆրեյդի` ստեղծագործական արվեստը էգոցենտրիկ է, այսինքն` գրողի ուշադրության կենտրոնում հենց ինքն է, այլ խոսքերով` իր ստեղծագործության գլխավոր հերոսի մեջ հեղինակը տեսնում է ինքն իրեն: Սակայն կարդացողն ընդհակառակը, տեսնում է ոչ թե գրողին, այլ հենց իրեն: Այլ խոսքերով` նկարիչը մեզ բերում է մեր իսկ սեփական երևակայությամբ հիանալու վիճակին:

 

Ստեղծագործական արվեստի մեխանիզմը, ըստ Ֆրեյդի, արտահայտվում է հետևյալ կերպ. «Խոր հոգեկան ապրումները նկարչի մեջ արթնացնում են հիշողություններ, որոնք վերաբերում են հատկապես նրա մանկությանը, իսկ դրանք էլ իրենց հերթին արտահայտվում են նրա ստեղծագործություններում: Վերջինիս մեջ կարելի է բացահայտել ինչպես նոր առիթի, այնպես էլ հին հիշողությունների տարրեր»:

 

Դրա էությունը հանգեցնում է հետևյալ դրույթների.

 

  1. Նկարիչն իր ստեղծագործությունների միջոցով իրականացնում է իր բոլոր այն մանկական երազանքները, որոնք չի կարողացել իրականացնել իրական կյանքում:

  2.  Արվեստը նկարչի համար հոգեթերապիայի կարևորագույն միջոց է. այն փրկում է նրան հոգեկան հիվանդություններից: Մշակույթի պատմության մեջ կան այս ճշմարտությունը հաստատող մի շարք օրինակներ: Օրինակ. Գոգոլը հավաստիացնում էր, որ նա ձերբազատվել էր մի շարք թերություններից ու բացասական սովորություններից` դրանք վերագրելով իր ստեղծագործությունների հերոսներին: Գերմանացի գրող Գերման Գեսսեն Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո հայտնվեց ծանրագույն դեպրեսիայի մեջ: Մի քանի տարի շարունակ նա փորձում էր բուժվել տարբեր կլինիկաներում մինչ իր` «Տափաստանային գայլ» վեպին ձեռնամուխ լինելը: Հենց ստեղծագործական արվեստը օգնեց նրան ազատվել դեպրեսիայից: Այն փրկեց նաև Ալեքսանդր Սոլժենցինի և Էնտոնի Բյորջեսի կյանքը. առաջինը հրաշքով փրկվեց ստամոքսի քաղցկեղից, երկրորդը` գլխուղեղի անվիրահատելի ուռուցքից:

  3.  Արվեստին մոտ գտնվելը բուժիչ է նաև հասարակության համար, քանի որ նպաստում է հոգեբանական լարվածության նվազեցմանը, ինչպես նաև ինքնաճանաչմանն ու տրավմատիկ իրադարձությունների վերապրելուն:
    Հարկ է ավելացնել, որ ֆրեյդյան հոգեբանության կարևորագույն հասկացություններից է սուբլիմացիան: Այն հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, որի դեպքում սեքսուալ էներգիան փոխարինվում է գործունեության տարբեր տեսակներով:
    Ֆրեյդի ստեղծագործական արվեստի տեսության թերությունները կապված են սեռականության դերի ու մանկական տրավմատիկ փորձի կատարելագործման հետ: Այդուհանդերձ, այսօր էլ Ֆրեյդի հոգեբանա-էսթետիկական հայացքները շարունակում են բարձր գնահատվել հոգեբանների կողմից: Հետազոտողները փորձում են շեշտը դնել ոչ թե թերությունների, այլ նրա ստեղծագործական արվեստի տեսության առավելությունների վրա` ձգտելով պարզել արվեստի բացահայտման թաքնված իմաստը: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. iveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ